Նշանավոր պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից անցել է շուրջ 6 տարի (Մալաթիա, 1954թ. Սեպտեմբերի 15 - 2007թ. Հունվարի 19, Ստամբուլ): Նա Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոսի» գլխավոր խմբագիրն էր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, ով առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։
Ըստ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, Դինքի սպանությունը Թուրքական պետության կողմից կազմակերպված, ապա հետագայում վարպետությամբ քողարկված սպանություն էր: «Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ իրենք ամեն ինչ անելու են գործի լիակատար բացահայտման համար, սակայն բարձրաստիճան շատ պաշտոնյաներ, որոնք փակեցին դատական գործը, չհեռացվեցին պաշտոններից ու դեռ ավելին՝ խրախուսվեցին իշխանությունների կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց Ռ. Մելքոնյանը: Նա Դինքի սպանությունը դիտարկեց երեք հարթություններով` իրավական, քաղաքական և հասարակական` նշելով, որ դատական վճիռը չի արտացոլում իրական պատկերը: «Դինքի գործում ներգրավված գեներալները, դատախազության աշխատողները շարունակում են մնալ իշխանության մեջ: Եվրոպական կառույցներում թուրքական իշխանությունների հայտարարություններն առ ոչինչ են, երբ տեսնում ենք, որ այդ մարդիկ վայելում են իրենց պաշտոնները»,-ասաց թուրքագետը, հավելելով, որ թուրք հասարակության մեջ Դինքի սպանությունից հետո բեկում տեղի ունեցավ` Հայոց ցեղասպանության և հայերի նկատմամբ առաջացավ պետական թեզից տարբերվող տեսակետ, ձևավորվեց քաղաքացիական նախաձեռնությունների խումբ, ինչպես նաև թուրքական բռնապետության վերաբերյալ շատ այլ բացահայտումներ արվեցին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ